BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Արդյո՞ք կկայանա Կլիչկո-Պովետկին մրցամարտը

Արդյո՞ք կկայանա Կլիչկո-Պովետկին մրցամարտը
04.06.2013 | 11:32

Գերծանրքաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն դժգոհել է, որ ռուս բռնցքամարտիկի հետ սպասվելիք հանդիպման հետ կապված որոշակի տագնապներ ունի, քանզի մինչև այժմ չի հաջողվել համաձայնության գալ մի շարք հարցերում: «Պայմանագիրը մինչև այժմ ստորագրված չէ, -ասել է նա,- իսկ վերջնաժամկետը մինչև հունիսի տասնհինգն է: Նախկինի պես մնացել են կետեր, որոնց պատճառով չենք կարողանում առաջ շարժվել: Ներկա փուլում չափազանց շատ են հարցերը, որոնց պատասխանները չեն տրված Ալեքսանդր Պովետկինի թիմի կողմից: Մեր կողմից բոլոր պատասխանները տրված են, պայմանագրի վերաբերյալ բոլոր մեկնաբանություններն արված են: Ես հուսով եմ, որ մենք կանցնենք այս փուլը: Եթե դա տեղի չունենա, առաջ կգնանք առանց Պովետկինի»:
Հետաքրքիր է, որ այս մրցամարտի հնարավոր կազմակերպումն ի սկզբանե թերահավատությամբ է ընդունվել մասնագետների կողմից, և ողջ խնդիրը հանդիպման գումարային կողմն է: Խրյունովի պրոմոութերական ընկերությունը մրցամարտի կազմակերպման իրավունքը գնել է 23 միլիոն դոլարով, որն ուկրաինացու ու ռուսի միջև բաժանվելու է 75:25 տոկոսային հարաբերությամբ, մինչդեռ 23 միլիոնը չափազանց մեծ գումար է եվրոպական պրոֆեսիոնալ բռնցքամարտի համար: Կլիչկոյի թիմն ուզում է հավաստիանալ, որ 23 միլիոնն իրականում բլեֆ չէ և մարտի համաձայն է միայն դրա ռեալ առկայության դեպքում:
Հանդիպման հետ կապված հնարավոր այլ մանրամասներ թողնելով մի կողմ` միայն ասենք, որ այն երկու անգամ արդեն հետաձգվել է: Առաջին անգամ դա եղել է 2008 թվին (Պովետկինն այն ժամանակ վնասվածք ուներ), երկրորդ անգամ` 2010-ին` դարձյալ ռուս բռնցքամարտիկի պատճառով: Ինչպես երևում է, Պովետկինի թիկունքին կանգնած ընկերությանը միանգամայն ձեռք է տալիս մարզիկի WBA վարկածով աշխարհի կանոնավոր չեմպիոնի կոչումը: Ի դեպ, ընթերցողին կողմնակի մի հուշում` Խրյունովի պրոմոութերական ընկերությունը կանգնած էր WBA վարկածով առաջին ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոնական գոտին կորցրած Դենիս Լեբեդևի թիկունքին, իսկ Վլադիմիր Կլիչկոյի նման գերհզոր մարզիկի հետ պայքարում խոշոր հարցականի տակ է, որ ընկերությունը չի ունենա չեմպիոնական գոտու նոր կորուստ: Մի խոսքով, հարցականները շատ են:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2317

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ